ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ դահլիճ

Լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ դահլիճ
24.10.2008 | 00:00

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Ամեն հաստատություն պետք է ունենա իր «շուտը»: Բայց քանի որ մերն ուրիշ է, մեր «շուտերն» էլ են ուրիշ:
Երեկ ՀՀ պառլամենտարիզմի 18-ամյա պատմության մեջ աննախադեպ դեպք գրանցվեց. լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ դահլիճ, ինչն իրավաբանական ձևակերպմամբ` լրագրողների իրավունքների սահմանափակում, աշխատանքային գործունեության խոչընդոտում էր, որն էլ հետապնդվում է օրենքով: Դռների մոտ կանգնած ԱԺ անվտանգությունն ապահովող երիտասարդները բացատրեցին, թե քանի որ ուշացել ենք և ուղիղ ժամը 12-ին չենք մտել դահլիճ, էլ չենք կարող:
Հրամանն ո՞ւմն է, բանավո՞ր է այն, թե՞ գրավոր, օրենքի ո՞ր դրույթով են առաջնորդվել «գյուտի» հեղինակները. մեր հարցերին տղաներն ի՞նչ պատասխանեին, նրանք կատարողներ էին:
Պատանդառության այդ նոմինացիան ԱԺ նախագահը սկսել էր դեռ նախորդ օրը, երբ լրագրողներին անվերջ հրահանգ էր տրվում նրա անունից` ելումուտ չանել, չշնչել, չապրել, դա խանգարում է նրա իմիջի բարձրացմանը: Անիմաստ է այս դեպքում որևէ մեկին և հատկապես իմիջախաբության լեթարգիայի մեջ հայտնված գործչին, որը բովանդակությունն ու ձևը, գորգի ու պառլամենտի՝ որպես օրենքի ինստիտուտ տարբերությունն այդպես էլ դժվարանում է առաջնահերթել, բացատրել.
ա) պառլամենտն այն եզակի վայրն է, որ անցնող 18 տարիների ողջ ընթացքում գործել է հրապարակային և լրագրողների համար լիբերալ, թափանցիկ աշխատանքային մթնոլորտ ապահովել: Ջարդել այդ ավանդույթը հավասար է ոչ միայն այդ ինստիտուտի ջարդմանը, այլև բարձրացման ենթակա իմիջի ջարդմանը, որը որպես գերնպատակ դրվել է հրամանի հեղինակի առջև:
բ) Պառլամենտում 131 պատգամավոր է «աշխատում», նրանք գրեթե չեն գալիս գործի, եկած ժամանակ էլ միջանցքներում են, բուֆետում, լրագրողը, որևէ «ընտրյալի» որսալու համար, ստիպված է քամու արագությամբ մտնել-դուրս գալ ԱԺ դահլիճից... և այսպես շարունակ:
Թե ով է ԱԺ նախագահին նման դարակազմիկ գյուտ կատարելու, լրագրողների մուտքն արգելելու խորհուրդը տվել, չարժե խորանալ, որովհետև կլոունադան, որը հաջորդեց դրան, ավելի ծիծաղելի է, քան փաստն ինքը:
Նախ` «պարզվեց», որ լրագրողների դարդով տապակվող ահագին պատգամավորներ կան Հովիկ Աբրահամյանին «կից»: Նրանք էլ բերեցին «ավետիսը». իրենք բանակցել են Հովիկ Աբրահամյանի հետ, և լրագրողները կարող են օգտվել Հովիկ Աբրահամյանի բարեհոգությունից, պետական մտածողության շնորհից, լրագրողների նկատմամբ ողորմածությունից, նրա անդառնալի մարդասիրությունից. վետոն հանված է:
Իսկ վետոն, ըստ ավետաբերների, դրել է ՀՀ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը. նա է մեղավորը, այդ նա է արել դա, նրա «խղճի» վրա է այդքան լրագրողների աշխատանքի խոչընդոտումը… այդքա՜ն լրագրողի զայրույթը, գրվելիք հաջորդ օրվա նյութերն ուղղորդվեցին առ ԱԺ աշխատակազմի ղեկավար, որից, ըստ որոշ հավաստի լուրերի, ցանկանում է ազատվել Հովհաննես Աբրահամյանը: «Մեղավորական» մի սլաք էլ ուղղվեց ԱԺ` լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանի կողմը. վերջինս չի՜ կարողացել պահել լրագրողների սահմանադրական` ազատ շարժվելու «իրավունքը»: Այո, նրա պաշտոնում ևս «շահագրգիռները» կադրային տեղաշարժ տեսնելու բուռն ցանկություն ունեն:
Բայց դե` ոզնուն էլ է, չէ՞, պարզ.
ա) հրամանը չէր կարող լինել, եթե նրան իր «իմիջային» հավանությունը չի տվել հիմնարկի ղեկավարը. կոնկրետ դեպքում՝ ԱԺ նախագահը:
բ) Իսկ եթե հիմնարկի ղեկավարը տեղյակ չէ այդ հրամանից, և այն «առանց» իրեն է «թողարկվել», ի՞նչ է անում այդ հիմնարկում ԱԺ նախագահը:
Այնպես որ եզրակացությունը մեկն է` այս ամենն ուղղված է հատկապես Հովիկ Աբրահամյանի դեմ:
Եվ վերջապես, բարեկամական խորհուրդ ԱԺ նախագահին. պարոն Աբրահամյան, եթե ցանկանում եք որևէ մեկից ազատվել, շատ ուղիղ, տղամարդավարի կանչեք, ասեք` չեմ կարող Ձեզ հետ աշխատել (անգամ եթե նրանք պետպաշտոնյաներ են և պաշտպանված են օրենքով), դիմում գրեք, գնացեք։ Բոլոր դեպքերում դա ավելի ազնիվ է, քան այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4394

Մեկնաբանություններ